Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի. ԱՄՆ նախագահի թեկնածու

12:11     21 մարտի, 2019

ԱՄՆ Կոնգրեսի անդամ, 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի դեմոկրատ  թեկնածու Թուլսի Գաբարդը հանդես է եկել տեսաուղերձով, որում խոսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին:Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Թուլսի Գաբարդը տեսաուղերձում պատմել է, որ 2017թ. այցելել է Հայաստան և Արցախ, այցի ընթացքում հասցրել է խորությամբ հասկանալ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները և նրա ունեցած հնարավորությունները:

«ԱՄՆ-ի հայկական համայնքն ավելի քան մեկ դար իր դրական դերակատարումն է ունեցել, և ես հպարտ եմ աջակցել այս համայնքին, կանգնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդար բանաձևի ընդունման նրանց ձգտումների կողքին, նպաստել Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգությանն ու բարգավաճմանը»,- ասել է  Գաբարդը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է վարի այլ երկրների հետ համագործակցության, այլ ոչ թե առճակատման արտաքին քաղաքականություն: «Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի` մարդկության պատմության ամենասոսկալի հանցագործություններից մեկի հարցում արդարության հասնելու համար»,- ասել է Գաբարդը:


© armedia.am