Մակրոնը, Մերկելը, Յունկերը և Ցզինպինը կհանդիպեն Փարիզում

12:49     22 մարտի, 2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կլիմայի և առևտրի վերաբերյալ բանակցություններ կանցկացնի, գրում է NEWS.am-ը:

Առաջնորդներին կմիանա Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, որը կփորձի «մերձեցման կետեր գտնել Եվրոպայի և Չինաստնաի միջև», հաղորդում է Ֆրանսիայի նախագահի վարչակազմը: Հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին: Հանդիպումը հնարավորություն կտա բացատրել Չինաստանին Եվրոպայի ռազմավարությունը:

«Մենք կարծում էինք, որ դա անհրաժեշտ է, քանի որ բազմակողմանիության պաշտպանության համար բանավեճը պետք է եվրոպական, այլ ոչ թե ֆրանսիական մակարդակի տեղափոխվի», - նշել են վարչակազմում:

Հանդիպումը կկայանա ԵՄ-Չինաստան գագաթաժողովի նախաշեմին, որը նախատեսվում է ապրիլի 9-ին Բրյուսելում:

ԵՄ-ն տարակարծիք է Չինաստանի նկատմամբ վերաբերմունքի հարցում. ոմանք վախենում են համաշխարհային գերտերության հզորացումից, իսկ մյուսները՝ հատկապես Եվրոպայի հարավում, պատրաստ են գործարքներ կնքել չինական ներդրումների ներգրավվման նպատակով:

Սպասվում է, որ իր ուղևորության ընթացքում Սի Ցզինպինը Իտալիայի հետ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալու մասին հուշագիր կստորագրի:

Հունաստանը և Լեհաստանը նույնպես միացել են նախաձեռնությանը, սակայն ԵՄ մյուս անդամները մտավախություն ունեն, որ դա կարող է հանգեցնել մայրցամաքի քաղաքականության  վրա Պեկինի ազդեցության ուժեղացմանը:

Տվյալ  չինական նախաձեռնության էությունը կայանում է  միջազգային համագործակցության ձևավորման և զարգացման նոր մոդելի որոնման մեջ՝  առկա տարածաշրջանային երկկողմ և բազմակողմ մեխանիզմների և Չինաստանի մասնակցությամբ փոխգործակցության կառույցների ամրապնդման միջոցով:


© armedia.am