Քննարկվել են այլընտրանքային էներգետիկայի, ՏՏ և այլ ոլորտներում հայ-շվեդական համագործակցության հնարավորությունները

17:55     22 մարտի, 2019

Մարտի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Պետեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում և կարևորել Շվեդիայի աջակցությունը երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին: 
Փոխվարչապետը նաև նշել է, որ Շվեդիայի հետ արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով՝ հատկապես ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պետեր Էրիքսոնն ասել է, որ Հայաստանում զգալի դրական փոփոխություններ են տեղի ունեցել և իրենք ցանկանում են նպաստել երկրի ժողովրդավարության ամրապնդմանը: Նա նշել է, որ Շվեդիան պատրաստվում է երկկողմ աջակցության ծրագրեր իրականացնել Հայաստանի համար:
Զրուցակիցներն անդրադարձել են Կայուն զարգացման նպատակներին, ինչպես նաև Հայաստանի Կայուն զարգացման ազգային նորարարական կենտրոնի գործունեությանը: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը ներկայացրել է ներառական աճի մոդելի վրա հիմնված կառավարության ծրագրի առաջնահերթությունները և առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:
Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, թափոնների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:


© armedia.am