Ավստրալահայ գործիչը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին կին վարչապետը

12:42     24 մարտի, 2019

Ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում: Արմենպրես-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է  The Sydney Morning Herald-ը:

Բերեջիկլյանի քաղաքական ուժը՝ Լիբերալ կուսակցությունը հաղթել է ընտրություններում իր հիմնական մրցակցին՝ Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցությանը:  

Ընտրություններում հաղթանակի մասին իմանալուց հետո Գլեդիս Բերեջիկլյանը փորձել է զսպել արցունքները՝ հայտարարելով, որ Նոր Հարավային Ուելսն այն նահանգն է, որտեղ «երկար ազգանուն ունեցող կին գործիչը կարող է ընտրվել վարչապետի պաշտոնում»:

«Ես անասելիորեն հպարտ եմ այն վայրի համար, որտեղ մենք ապրում ենք: Եվ ամենակարևորն ինձ համար այն է, որ անկախ նրանից, թե ինչ ծագում ունես, որտեղ ես ապրում ու ինչ պայմաններում՝ այս նահանգում յուրաքանչյուրն ունի հնարավորություն լինելու լավագույնը»,- ասել է Բերեջիկլյանը հաղթանակից հետո իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում:

Գլեդիս Բերեջիկլյանին զանգահարել և շնորհավորել է ընդդիմության առաջնորդ, Աշխատավորական կուսակցության ղեկավար Մայքլ Դելին:  

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ևս արդեն շնորհավորել է ավստրալահայ գործչին և նրա թիմին ընտրությունների արդյունքում գրանցած «յուրահատուկ, կարգապահ և խիզախ հաղթանակի կապակցությամբ»:

Գլեդիս Բերեջիկլյանը 2017 թվականից զբաղեցնում էր Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնն այն ժամանակից, երբ Լիբերալ կուսակցության առաջնորդ Մայք Բայրդը հրաժարական էր տվել, որից հետո կուսակցության անդամները միաձայն նոր առաջնորդի և նահանգի ղեկավարի պաշտոնում ընտրել էին հենց Բերեջիկլյանին:


© armedia.am