ԵՄ-ի ու Եվրասիական միության հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքով. Թոմաս Շրապել

09:20     27 մարտի, 2019

«Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով միջոցառման ընթացքում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկաս  տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը նշել է, որ Հայաստանը վերջին տարիներին վարում է շատ խելամիտ արտաքին քաղաքականություն: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Շրապելն ընդգծել է, որ Հայաստանը,  լինելով Եվրասիական միության անդամ, միևնույն ժամանակ կարողանում է Եվրամիության հետ իր հարաբերությունները լայնացնել և խորացնել:

«Ոմանք, իհարկե, այսպիսի համադրության մեջ հակասություններ են տեսնում` մի կողմից Եվրամիություն, մյուս կողմից Եվրասիական տնտեսական միություն: Մեզ համար որպես «Կոնրադ Ադենաուեր»-ի ներկայացուցիչների,  դա հակասություն չի համարվում: Ավելի քան համոզված ենք, որ այդ համադրությունը ոչ թե «կամ-կամ» , այլ «և-և» սկզբունքով է»,-ասաց Շրապելը:

Նա համոզված է, որ դա ոչ միայն պրագմատիկ, այլ նաև խելամիտ քայլ է, որը կարող է հանդիսանալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևրագույն հիմքերից մեկը:

«Առանձնահատուկ աշխարհաքաղաքական դիրքի պայմաններում Հայաստանի համար կարևոր է խելամիտ և իմաստուն արտաքին քաղաքականությունը: Համոզված ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս վերադասավորումներից հետո էլ կշարունակի իր ուղին», - ասաց Թոմաս Շրապելը:


© armedia.am