Մյուլլերի զեկույցից հետո ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ կփորձի հարաբերություններ կարգավորել մի քանի ուղղություններով. Սուրեն Սարգսյան (ԲԱՑԱՌԻԿ)

15:08     28 մարտի, 2019

Հրապարակվել են 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուսական հետքի մասին ԱՄՆ հատուկ դատախազ Մյուլլերի հետաքննության թեզերը. ռուսական հետքի առկայությունը չի ապացուցվել: Թեմայի շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ: 

- Պարո´ն Սարգսյան, ինչպե՞ս  է «ռուսական գործով» հետաքննությունը և դրա արդյունքներն ազդել աշխարհում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հեղինակության վրա:

- Այստեղ չեմ կարող ասել, որ հեղինակության խնդիր կա:  ԱՄՆ ներքաղաքական գործընթաց էր, և գործընթացն ուղղված էր ապացուցելու կամ հերքելու այն կասկածները, որ Միացյալ Նահանգների նախագահը նախընտրական փուլում ուղիղ շփումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության ինչ-ինչ պաշտոնյաների կամ հատուկ ծառայությունների, լոբբիստների կամ այլ անձանց հետ: Եվ հաշվի առնելով դրա կարևորությունը Միացյալ Նահանգների ժողովրդի համար, ինչպես նաև ԱՄՆ գործող նախագահի քաղաքական հակառակորդների մոտեցումները` որոշում էր կայացվել, որպեսզի առանձին հետաքննող նշանակվի: Մյուլլերը նշանակվել էր որպես հատուկ դատախազ: Նա իր թիմի հետ հետաքննություն է անցկացրել հազարավոր փաստաթղթեր է ուսումնասիրել, հարյուրավոր մարդկանց հետ է հանդիպել, հարցաքննել: Ի վերջո, եկել են եզրակացության, որ Թրամփի նախընտրական թիմի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն, ռուսական կողմից ներգրավվածություն, ազդեցություն գործընթացներում չի եղել:

- Կարելի՞ է արդյոք համարել, որ այս գործընթացը Թրամփին կաշկանդում էր Ռուսաստանի հետ հարաբերություններում: Եվ կարելի՞ է ակնկալել դրական տեղաշարժեր ռուս-ամերիկյան հարաբերություններում:

- Այս հետաքննությունը չափազանց կարևոր է ոչ միայն Միացյալ Նահանգների ներքաղաքական օրակարգի տեսանկյունից, այլև ռուս-ամերիկյան հարաբերությունների համար: Կարծում եմ, Մյուլլերի զեկույցը հիմք ընդունելով և դրանից  ելնելով, Միացյալ Նահանգների վարչակազմը Ռուսաստանի հետ կփորձի հարաբերություններ կարգավորել մի քանի ուղղություններով: Ինչևէ, սպասենք մի քանի օր էլ, քանի որ ներքաղաքական վիճակը բավականին լարված է. դեմոկրատները, Թրամփի քաղաքական հակառակորդները պարտադրում են, որպեսզի այս հետաքննության արդյունքներն ամբողջությամբ հրապարակվեն, ոչ թե ընդամենը մի քանի էջ: Այնպես որ, սպասենք զարգացումներին:


© armedia.am