Ֆրանսիան և Գերմանիան մինի-խորհրդարան են ձևավորել. նոր հարթակ երկկողմ համագործակցության և Եվրամիության ամրապնդման համար

20:47     29 մարտի, 2019

2019թ. մարտի 25-ին Փարիզում տեղի ունեցավ ֆրանս-գերմանական խորհրդարանների առաջին համատեղ նիստը: Կնքվեց համագործակցության նոր ձևաչափի հիմնադրման ակտ, ինչի արդյունքում ազդարարվեց ֆրանս-գերմանական մինի-խորհրդարանի ստեղծման մասին:

Առաջին անգամ համագործակցության նման ձևաչափ ստեղծելու մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի միջև՝ 2018թ-ի հունվարին Ելիսեյան պայմանագրի 55-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ:

Մինի-խորհրդարանի կազմի մեջ մտնելու է յուրաքանչյուր կողմից 50-ական պատգամավոր: Տարեկան գումարվելու է երկու նիստ Փարիզում և մեկ նիստ՝ Բեռլինում: Ներկայացված են լինելու 14 խմբակցություններ՝ 8 ֆրանսիական և 6 գերմանական: Մինի-խորհրդարանը չունի առանձին բյուջե: Կառույցի ընդունած որոշումները պարտադիր ուժ չեն ունենալու:

Ֆրանս-գերմանական այս կառույցը կոչված է ֆրանս-գերմանական հարաբերությունների ամրապնդման համար առաջարկներ ներկայացնելու, ինչպես նաև նոր քաղաքականություն մշակելու պաշտպանության և սպառազինության ոլորտներում:

Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլը հայտարարել է, որ այս ձևաչափը պետք է ակտիվ բանավեճերի հարթակ ծառայի, որտեղ հնարավոր կլինի քննարկել նույնիսկ ամենազգայուն հարցերը: Բունդեսթագի նախագահն անդրադարձել է նաև անվտանգության և պաշտպանական քաղաքականության, այդ թվում սահմանային տարածքում փոքր և միջին բիզնեսի համար բյուրոկրատական խոչընդոտների վերացման անհրաժեշտությանը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի ղեկավար Ռիչարդ Ֆեռանդը հայտարարել էր, որ այս մինի-խորհրդարանն իր տեսակով առանձնահատուկ է և խորհրդանշելու է երկու պետությունների համագործակցությունն ու ջանքերի համատեղումը:

Մինի-խորհրդարանը կարող է ինչպես սիմվոլիկ, այնպես էլ բավական պրակտիկ դերակատարում ունենալ ոչ միայն Ֆրանսիայի և Գերմանիայի, այլև ողջ Եվրամիության համար: Սա հարթակ է, որտեղ կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, կմշակվեն միասնական մոտեցումներ և լուծումներ ՝ շրջանցելով «ավելորդ բյուրոկրատիան», ինչպես նշել է Վոլֆգանգ Շոյբլը: Եթե հաշվի առնենք նաև ԵՄ միասնական զինված ուժեր ստեղծելու մտադրությունը, ապա կնկատենք, որ ԵՄ երկու առաջատար երկրների համագործակցության հարթակում պաշտպանության և սպառազինության ոլորտներում նոր քաղաքականության մշակման գերակայության ամրագրումը բոլորովին պատահական չէ:

ԵՄ միասնականությունն ու կենսունակությունը հարցականի տակ դնող մի շարք մարտահրավերների առկայությունը դրդում է գտնել նոր լուծումներ, և այս մինի-խորհրդարանը ևս այդ ուղղությամբ արվող քայլ կարելի է համարել:


© armedia.am