Սամվել Գասպարյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

11:00     13 ապրիլի, 2019

Սամվել Գասպարյանը դարձավ Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

102 կգ քաշային հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 377 կգ (168+209) արդյունք: Պոկում վարժությունում նա հաջող կատարեց միայն երրորդ մոտեցումը եւ ցուցադրեց 5-րդ արդյունքը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 368 կգ (168+200) արդյունքով գրավեց 6-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած ուկրաինացի Դմիտրո Չումակի երկամարտի արդյունքն էր 391 կգ:

Սա Հայաստանի երրորդ մեդալն էր եկամարտում:

Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին, պայքարի մեջ կմտնեն նաեւ աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):


© armedia.am