Վրաստանի նախագահը Ջավախքում է

11:38     14 ապրիլի, 2019

Տարածաշրջանային այցը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկսել է Ախալցխայում տեղի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումով: Հանդիպմանը ներկա էին նահանգապետը, քաղաքապետներ և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները:

Տեղի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Սալոմե Զուրաբիշվիլին, շրջանների հզորացմանը նպաստելու և վրացական արտադրանքին աջակցելու նպատակով, մտադիր է այցելել Սամցխե-Ջավախքում գործող ընկերություններ՝ հանդիպելու «Արտադրի´ր Վրաստանում» պետական ծրագրին ներգրավված ձեռնարկատերերին:

Այսօր Վրաստանի նախագահն Ախալքալաքում տոնական պայմաններում կբացի վրացական այբուբենով նկարազարդված պատը և տեղի բնակչությանը կդիմի ողջույնի խոսքով:

Մայրենի լեզվի օրվա առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի գերազանց շրջանավարտներին և հայտարարելու է մրցույթում հաղթող դպրոցի աշակերտներին:

Ախալքալաքից հետո նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի Նինոծմինդա:

Սամցխե-Ջավախքի շրջանում նախատեսված են Վրաստանի նախագահի հանդիպումները տեղի բնակչության հետ:


© armedia.am