«Իսլամական պետություն» ահաբեկչական կազակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: Ապրիլի 21-ին եկեղեցիներում և հյուրանոցներում տեղի ունեցած 8 պայթյունների հետևանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 321, վիրավորվել ավելի քան 500 մարդ: Ինչպես նշում է ԻՊ տեղեկատվական ռեսուրս Amaq-ը, ջիհադիստների թիրախը եղել են քրիստոնյաները և այն երկրների քաղաքացիները, որոնք մտնում են ԻՊ դեմ պայքարի միջազգային կոալիցիայի մեջ: Սակայն ԻՊ-ն որևէ ապացույց չի ներկայացրել հարձակումներին իր մասնակցության վերաբերյալ:
Շրի Լանկայի պաշտպանության և զանգվածային լրատվամիջոցների նախարար Ռուվեն Վիջևարդենեն հայտարարել է, որ ապրիլի 21-ին տեղի ունեցած ահաբեկչությունների շարքն իրականացվել է ի պատասխան վերջերս Նոր Զելանդիայի Քրայսթչերչում քաղաքի երկու մզկիթներում կատարված ահաբեկչությունների: Նոր Զելանդիայի վարչապետն արդեն արձագանքել է այս հայտարարությանը` նշելով, որ նորզելանադական հատուկ ծառայությունները դեռևս որևէ տվյալ չունեն այս ահաբեկչական հարձակումների կապի մասին:
Նշենք, որ Շրի Լանկայի իշխանություններն ավելի շատ հակված էին կարծելու, որ հարձակումների հետևում կանգնած են տեղական «Ջամաաթ աթ-թաուհիդ ալ-վաթանիա» շարժման ջիհադիստները: Միևնույն ժամանակ նշվում է, որ շարժումը միայնակ ի վիճակի չէր մասշտաբային նման հարձակումներ իրականացնել, ուստի, ամենայն հավանականությամբ, հարձակումներն իրականացնելու համար նրանք դրսից օժանդակություն են ստացել:
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ` անվտանգության ուժերը հետևել են շարժման անդամներին և ոստիկանությանը նախապես տեղեկացրել են հնարավոր հարձակումների մասին: Նշվում է, որ զգուշացումները եղել են օտարերկրյա գաղտնի ծառայությունների կողմից, հայտնի են եղել նաև հնարավոր ահաբեկիչների անունները: Կառավարությունում այս կապակցությամբ նշում են, որ վարչապետն անցած տարվանից չի մասնակցում անվտանգության հարցերով խորհրդակցություններին նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, ուստի իրենք տեղյակ չեն եղել զգուշացման մասին:
Բացի այդ, նշվում է, որ անվտանգության ուժերը չեն արձագանքել զգուշացումներին, քանի որ քրիստոնյաները, որոնք կազմում են երկրի բնակչության 7 տոկոսը, որպես կանոն ոչ կոնֆլիկտային են. Շրի Լանկայում տարաձայնություններ, խնդիրներ առկա են բուդդայականություն, հինդուիզմ և իսլամ դավանողների միջև, և ծայրահեղական դրսևորումները հիմնականում այս դավանաբանական խմբերի միջև են նկատվում:
Ստացվում է, որ Շրի Լանկայի ահաբեկչությունները ոչ միայն հատուկ ծառայությունների վատ աշխատանքի, այլև երկրում առկա ներքաղաքական ճգնաժամի արդյունք են: Ավելացնենք նաև, որ ահաբեկչությունները նաև տնտեսական մեծ հարված էին Շրի-Լանկայի համար, քանի որ երկիրն ապրում է հիմնականում զբոսաշրջային հոսքերի հաշվին: