Բնապահպանական խնդիրների լուծումը զարկ կտա համաշխարհային տնտեսության նոր ճյուղերի զարգացմանը

20:39     27 ապրիլի, 2019

Գլոբալ տաքացումն ու դրա դեմ պայքարի նկատմամբ հետզհետե աճող հետաքրքրությունը համաշխարհային տնտեսության, մասնավորապես՝ էներգակիրների շուկայի սուբյեկտներին վերահաշվակների անհրաժեշտության առաջ է կանգնեցնում:

Որոշ հաշվարկներով, եթե բոլոր պետությունները հետամուտ լինեն կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի պահանջներին, ապա առաջիկա տասնամյակներում նավթագազային ընկերությունները կկորցնեն իրենց արժեքի զգալի մասը:

Mercer միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հաշվարկների համաձայն, այդ կորուստը կկազմի մոտ 95%: Ընկերության փորձագետները պնդում են, որ համեմատաբար պակաս անկում կապրի գազային ընկերությունների նկատմամբ պահանջարկը՝ հաշվի առնելով այն, որ  բնական գազի արտանետումներն ավելի քիչ են վնասում բնությանը: Այնուամենայնիվ, բնապահպանական խնդիրների դեմ պայքարը, հասկանալի է, որ բացասաբար կազդի նաև գազի շուկայի վրա:

Բանպահպանական խնդիրների լուծմանն ուղղված պետությունների միասնական քաղաքականությունը, հատկապես եթե այն կարգավորվի Փարիզի համաձայնագրի նման միջազգային ստանդարտներով, անշուշտ, հետևանքներ կթողնի վնասակար արտանետումներ ունեցող արդյունաբերությունների վրա: Միևնույն ժամանակ, այդ համատեքստում նախատեսվող պայքարի մեխանիզմները ենթադրում են, մի կողմից՝ նոր ենթակառուցվածքների ստեղծում, մյուս կողմից՝ նոր ոլորտների առաջմղում: Դրանցից ամենահեռանկարայինն այս համատեքստում այլընտրանքային էներգիայի ոլորտն է: Ուստի սպասելի է, որ առաջիկայում կապիտալի համաշխարհային հոսքերը կուղղվեն առավելապես այդ ոլորտներ:


© armedia.am