Ինդոնեզիայում հոգնածությունից մահացել է ընտրական հանձնաժողովների ավելի քան 270 աշխատակից

09:01     29 ապրիլի, 2019

Առնվազն 272 աշխատակից, որոնք ներգրավված էին Ինդոնեզիայում ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքներում, մահացել են հոգնածությունից, ևս 1.878-ը հիվանդացել են ոչ նորմավորված աշխատանքային օրվա պատճառով, հաղորդում է DW-ը՝ հղվելով Ինդոնեզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արիֆ Փրիյո Սուսանտոյին:

Ապրիլի 17-ին Ինդոնեզիայում միաժամանակ ընտրել են նախագահին, երկպալատ Ժողովրդական կոնսուլտատիվ կոնգրեսի պատգամավորներին, տարածքային և տեղական օրենսդիր մարմիններին: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 245 հազար թեկնածու, որոնք պայքարել են 20 հազար պատգամավորական տեղի համար: 

810 հազար ընտրատեղամասերում նորմալ ընտրական գործընթաց ապահովելու համար աշխատել է շուրջ 6 մլն մարդ: Փորձագետների գնահատմամբ,  Ինդոնեզիայում քվեարկությունն «աշխարհում ամենաբարդ ընտրությունն» էր:

Աշխարհի ամենաբնակեցված մահմեդական երկրում (263 մլն մարդ) ընտրությունների վերջնական արդյունքները պարզ կդառնան միայն մայիսին:


© armedia.am