Արցախի նախագահը շնորհավորել է աշխատավորների միջազգային օրը

12:00     1 մայիսի, 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  ուղերձում ասված է.

Реклама 15

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, մեծարել ու գնահատել է աշխատավորին ու նրա աշխատանքը՝ այն խորին համոզմամբ, որ հենց աշխատանքն է դաստիարակում ու գեղեցկացնում մարդուն, հենց աշխատանքն է բարօրության հիմնական աղբյուրը:

Մեր պետության կարևորագույն խնդիրներից է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի յուրաքանչյուրն ունենա աշխատելու, սեփական աշխատանքով իր կարիքները հոգալու, իր երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելու հնարավորություն:

Նոր աշխատատեղերի ստեղծումը, բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացումը, աշխատավորների իրավունքների պաշտպանությունն այսուհետ ևս կլինեն մեր իշխանությունների առաջնահերթությունների շարքում, որոնց լուծման ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ մայիսյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:


© armedia.am