Ռուսական «Առաջին ալիքը» չեղարկել է «Մանկական ձայնը» նախագծի քվեարկության արդյունքները

16:51     16 մայիսի, 2019

«Առաջին ալիքը» որոշում է կայացրել չեղյալ հայտարարել «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի արդյունքները, որում հաղթանակ է տարել Ալսուի դուստրը։

Group-IB ընկերությունը, որը վերստուգել է «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի և սուպերեզրափակչի քվեարկությունը, քվեարկության ընթացքում ձայների արհեստական ավելացում է նկատել։ Ըստ ստուգման առաջին արդյունքների՝ հաստատվել է նախագծի մասնակիցների մեկի օգտին հաղորդագրությունների կենտրոնացած ավտոմատ ուղարկման փաստը:

««Առաջին ալիքը» նաև քայլեր կձեռնարկի քվեարկության մեխանիզմը բարելավելու և հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար», - ասվում է հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: 

Քվեարկության մեխանիզմի նորացումը կավարտվի հաջորդ «Մանկական ձայնը» մրցաշրջանի մեկնարկից առաջ:

«Մանկական ձայնը» նախագծի հատուկ թողարկումը տեղի կունենա մայիսի 24-ին, որի ժամանակ ելույթ կունենան եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները:

Հիշեցնենք, որ նախագծի եզրափակիչ անցած  մասնակիցների թվում երկու հայ կա` Միշա Գրիգորյանը` Ղարաբաղից և Ռոբերտ Բագրատյանը` Դոնի Ռոստովից:


© armedia.am