Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի նորանշանակ համակարգողին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Կառավարության ղեկավարը, շնորհավորելով Բուզետոյին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ այսուհետ ևս ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի գրասենյակի միջև փոխգործակցությունը կլինի ներդաշնակ և սերտ:
"Մենք շահագրգռված ենք երկկողմ կապերի հետագա զարգացմամբ և խորացմամբ: Մենք բարձր ենք գնահատում տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց նշանակությունը",- ասել է Տիգրան Սարգսյանը:
Բրեդլի Բուզետոն վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են ՄԱԶԾ "Հարավային կովկասում սահմանների համալիր կառավարում" ծրագրով իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և այլ բնագավառներում երկկողմ փոխգործակցության հեռանկարներին: