Պատրիկ Շանահանը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի իր լիազորությունները Մարկ էսփերին կփոխանցի հունիսի 24-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Պենտագոնի՝ հունիսի 18-ին տարածված հաղորդագրության մեջ: Շանահանը պաշտոնաթող է լինում «2019 թվականի հունիսի 23-ի կեսգիշերին և ավարտում է իր աշխատանքը պաշտպանության նախարարությունում», նշվում է հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախարար Մարկ էսփերը պաշտպանության նախարարի պաշտոնակատար կդառնա դրանից անմիջապես հետո «…» Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորություններն ու գործառույթները էսփերին կանցնեն 2019 թվականի հունիսի 24-ի 00:01-ից»,- նշվում է փաստաթղթում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ Շանահանը թողնում է պաշտոնը, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում կառաջադրվի էսփերի թեկնածությունը: Վերջինս ներկայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախարարն է: Այդ պաշտոնն զբաղեցնող անձը նախագահական կաբինետի անդամ չէ և ենթարկվում է պաշտպանության նախարարին: Թրամփն իր Twitter-ում գրել է, որ Շանահանն ինքն է որոշում ընդունել ինքնաբացարկի մասին: Մինչդեռ ավելի վաղ տվյալներ էին հայտնվել, որ Թրամփը դժգոհ է Շանահանից և դիտարկում է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում մեկ ուրիշի նշանակման հնարավորությունը: Այս կադրային նշանակումը ենթակա է Կոնգրեսի Սենատի կողմից հաստատման: