ՀՀ-ԵՄ համագործակցության ճանապարհային քարտեզը քիչ հատում ունի ԵԱՏՄ կանոնակարգերին

15:04     24 հունիսի, 2019

Հայաստանի և Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը նախատեսում է այդ թվում տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման հագեցած օրակարգ:

Ուշադրության է արժանի հատկապես  տարածքային զարգացմանն ուղղված գործողությունների փաթեթը, որը երկրում կայուն ու իրական տնտեսական աճի ապահովման նախադրյալներից մեկն է: Նախատեսվող գործողությունների շրջանակներում շեշտը դրվել է մարզերում աշխատատեղերի ստեղծման, տարածքային տնտեսական աճի ապահովման վրա:

Մեկ այլ ոլորտի` տնտեսական մրցակցության  և սպառողների իրավունքների պաշտպանության իրականացման մեխանիզմներն, ըստ ճանապարհային քարտեզի, պետք է համապատասխանեն եվրոպական լավագույն փորձի կիրառման չափանիշներին:

Եվրոպական փորձի կիրառելիության սկզբունքով են կարգավորվում նաև գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող անելիքները:

Առանձնահատուկ ուշադրության են արժանի էներգետիկ ոլորտում կարգավորման մեխանիզմների ներդրումը, որոնց պարագայում բարեփոխումների զգալի մասը պետք է իրականացվեն «ազգային կամ ԵԱՏՄ մակարդակում», ինչպես նշված է ճապանարհային քարտեզում:

Ճանապարհային քարտեզի  ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրելու, որ Եվրամիության հետ համագործակցության համատեքստում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստը քիչ տեղերում է առաջացնում հատվող շահերի խնդիր: 


© armedia.am