Իրանի ԱԳՆ-ն սադրիչ է որակել ԱՄՆ-ի խոցված անօդաչուի գործողությունները

16:51     20 հունիսի, 2019

Թեհրանն իրանցի զինվորականների կողմից խոցված ամերիկյան անօդաչուի գործողությունները համարում է սադրիչ, վճռականորեն դատապարտում է դրանք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Վճռական բողոք հայտնելով նմանօրինակ ագրեսիվ և սադրիչ գործողությունների դեմ՝ նախազգուշացնում ենք, որ երկրի օդային տարածություն ցանկացած օբյեկտի կամ թռչող միջոցի անօրինական ու ագրեսիվ ներթափանցում, Իրանի տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն ու սահմանների խախտում կկասեցվի»,- ասել է Մուսավին, նշելով, որ Իրանի սահմանների խախտման հետևանքների համար պատասխանատվությունն ընկնում է խախտողների վրա:

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 20-ի առավոտյան, նշվում է, որ Global Hawk ամերիկյան անօդաչուն ԻՀՊԶ-ի ռազմաօդային ուժերի կողմից խոցվել է Խորմոզգանի նահանգի Կուխ Մուբարաքի շրջանում՝ Պարսից ծոցի մուտքի մոտ այն բանից հետո, երբ խախտել է Իրանի օդային տարածությունը:


© armedia.am