Վրաստանի խորհրդարանի նախագահ դարձավ Արչիլ Տալակվաձեն

17:49     25 հունիսի, 2019

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները քվեարկել են կառավարող կուսակցության ներկայացուցիչ Արչիլ Տալակվաձեին օրենսդիր մարմնի նոր խոսնակ ընտրելու օգտին, հայտնում է «Արմենպրես»-ը: Նիստի ուղիղ հեռարձակումն իրականացվում էր խորհրդարանի պաշտոնական կայքում:

«94 ձայն՝ «կողմ», ոչ մի «դեմ»: Արչիլ Տալակվաձեն ընտրված է խորհրդարանի նախագահ»,-քվեարկությունից հեո հայտարարել է խոսնակի պաշտոնակատար Թամար Չուգոշվիլին:

«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները քվեարկությանը չեն մասնակցել: Նրանք նիստերի դահլիճը լքել են խորհրդարանական նստաշրջանի սկզբում՝ ի նշան այն բանի դեմ բողոքի, որ օրակարգում չի եղել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականի հարցը:

Տալակվաձեն զբաղեցնում էր խորհրդարանական մեծամասնության ղեկավարի պաշտոնը: Նրա թեկնածությունը կառավարող կուսակցության կողմից որպես միակն էր դիտարկվում այն բանից հետո, երբ անցած ուրբաթ հրաժարական տվեց խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն:


© armedia.am