Վրաստանի ՆԳ նախարարն ասել է, թե երբ պաշտոնաթող կլինի

11:30     28 հունիսի, 2019

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան, որի հրաժարական են պահանջում Թբիլիսում հազարավոր ցուցարարներ արդեն մոտ մեկ շաբաթ, հայտարարել է, որ  պաշտոնից կհեռանա, երբ իր անձը վնաս հասցնի կառավարող թիմին, փոխանցում է Sputnik-Грузия-ն: 

Թբիլիսիում հանրահավաքների մասնակիցները Գախարիային մեղադրում են հունիսի լույս 21-ի գիշերն ակցիան դաժանորեն ցրելու մեջ. ՆԳՆ-ն ակցիայի մասնակիցների դեմ կիրառել էր արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ: Ոստիկանությունը ակցիան ցրելու գործողությունն սկսել է խորհրդարանի շենքի գրոհին դիմադրելուց երկու ժամ անց: Անկարգությունների հետևանքով տուժել 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան: 

«Ինձ համար հրաժարականը խնդիր չէ, ես կարող եմ հեռանալ վաղը, վաղը չէ մյուս օրը կամ մյուս օրը չէ մյուս օրը … Հենց որ ես՝ որպես այս (ՆԳՆ-ի ղեկավարի – խմբ.) պաշտոնում գործող անձ, վնասաբեր գործոն դառնամ թիմի համար, մենք կլուծենք այդ հարցը»,- ասել է Գախարիան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է ինքը մնում այդ պաշտոնում, չնայած մարդկանց պահանջին:


© armedia.am