Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը. Պատրիկ Ֆիորի

12:06     30 հունիսի, 2019

Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը, որի համար կան բազմաթիվ պատճառներ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս մասին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցած Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգի ժամանակ ասել է ֆրանսահայ նշանավոր երգիչ Պատրիկ Ֆիորին (Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան):

 

Անդրադառնալով հարցին, թե  ինչու է ինքն Արցախը շատ սիրում նա ասել է. «Առաջինն այն է, որ  ես  գտնվում եմ իմ նախնիների հողում: Ցանկանում եմ, որ այս հողի վրա երեխաները    կարողանան անհոգ մեծանան: Սիրելուս երկրորդ պատճառն էլ այն  է, որ  ես ճանաչում  եմ   Արցախն ու արցախցիներին, և ասում  եմ  ձեզ՝  դուք հրաշալի  եք: Ես սիրում եմ պաշտպանել այն  երկիրը  ու  ժողովրդին, ովքեր ապրում են  այս  հողի  վրա:  Ինձ  համար   շատ  կարևոր    է   իմանալ իմ ժողովրդի պատմությունը և մոտիկից ճանաչել իմ արմատները: Ինչքան  մարդ մեծանում  է, այնքան ավելի է ձգվում դեպի իր արմատները»:
Երգիչն անթաքույց հպարտությամբ է ընդգծել իր սերն ու հարգանքը ԱՀ նախագահ Բակո  Սահակյանի հանդեպ՝ նշելով, որ  ինքն ուրախ  է, որ ճանաչել է նախագահի մարդ տեսակը, զգացել  նրա բարությունն  ու նրբանկատությունը:

Պատրիկ Ֆիորին խոստացել է կրկին գալ Արցախ ու երգել արցախցիների համար:

 


© armedia.am