Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել

14:02     8 հուլիսի, 2019

Հուլիսի 8-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարականի հայտարարությամբ հանդես է եկել Արթուր Մոսիյանը:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ գլխավոր դատախազության կայքէջը, ԱՀ գլխավոր դատախազն իր հրաժարականը հիմնավորում է Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելով, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի հետ:

"Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հանրապետության իշխանություններին` ինձ այս խիստ պատասխանատու պաշտոնում վստահելու համար և միաժամանակ վստահեցնում եմ, որ կուսակցական, քաղաքական աշխատանքում ևս իմ ուժերն անվերապահորեն նվիրելու եմ համազգային խնդիրների լուծմանը:
Շնորհակալություն եմ հայտնում նաև դատախազության համակարգի բոլոր աշխատակիցներին` համատեղ աշխատանքի համար: Նորանոր հաջողություններ եմ մաղթում օրենքի գերակայության ապահովմանն ու իրավակարգի ամրապնդմանը միտված նրանց հետագա աշխատանքում", - ասված է հայտարարության տեքստում:


© armedia.am