Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը կարելի է Եվրամիության տարածաշրջանային քաղաքականության այս շրջափուլի ամփոփում համարել: Մոտակա ամիսներին իրենց պաշտոններն են ստանձնելու Եվրախորհրդարանի ընտրություններից հետո նշանակված նոր պաշտոնյաները: Ճիշտ է ԵՄ քաղաքականությունն այս տարածաշրջանում շոշափելի փոփոխություններ չի արձանագրի և ինստիտուտները կպահպանեն նաև ինստիտուցիոնալ հիշողությունը, բայց, այնուամենայնիվ, անձերի մակարդակով առկա կապերն ու բարեկամական հարաբերությունները կկորցնեն իրենց ազդեցությունը գործընթացի վրա:
Հայաստանի պարագայում դրան ևս երկու գործոն է գումարվում՝ Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն ու օգոստոսին սպասվող Հայաստանում Եվրամիության պատվիրակության նոր ղեկավարի նշանակումը (այսօր այդ պաշտոնում առաջադրվեց 2007-2009թթ Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինի թեկնածությունը): Ուստի, առկա պայմանավորվածությունները պահպանելու և զարգացնելու համար Հայաստանի իշխանությունները պետք է բավական մեծ աշխատանք անեն և լինեն բավական ակտիվ ԵՄ ներքին օրակարգում տեղ զբաղեցնելու համար:
Այդ առումով Դոնալդ Տուսկի այն հայտարարությունը, թե իր այցը տարածաշրջան ապացույցն է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի և տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերություններին, այնքան էլ անկեղծ չի թվում, եթե դրան ավելացնենք նաև այն հանգամանքը, որ սա Տուսկի առաջին այցն է Հայաստան հեղափոխությունից հետո: Իրականում Հայաստանի և տարածաշրջանի կարևորությունը Եվրամիության համար ցույց կտան ԵՄ նոր նշանակված պաշտոնյաների առաջին այցերի ժամկետները: Իսկ դրա համար մեր կողմից հետևողական աշխատանք է անհրաժեշտ:
Ինչ վերաբերում է Երևանում ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի արած հայտարարություններին, ապա հատկապես ուշադրության են արժանի երկու դրույթներ:
Առաջին, Եվրամիությունը ողջունել է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու նկատմամբ ուշադրությունը, պատրաստակամություն է հայտնել աջակցել փորձագիտական օժանդակությամբ և լրացուցիչ ռեսուրսները մոբիլիզացնելով: Եվ կրկին որևէ կերպ չեն հիշատակվում անցումային արդարադատությունը կամ վեթթինգը: Նշվում է միայն, որ քննարկվել է հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը: Հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում «Դոնալդ Տուսկը նշել է, որ եվրոպական կողմը լիովին վստահում է ՀՀ վարչապետի և կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների տրամաբանությանը և իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու Հայաստանին այդ բարեփոխումը հաջողելու հարցում», սակայն անմիջապես Եվրախորհրդարանի նախագահի՝ մամուլի համար արված հայտարարության մեջ նման ձևակերպում չկա:
Եվ երկրորդ, նա հայտարարել է, որ Եվրամիությունը համարյա կրկնապատկել է 2019 թվականի համար օժանդակությունը Հայաստանին, և այդ միջոցները կուղղվեն գերակա ծրագրեր իրականացնելուն՝ ներառյալ ենթակառուցվածքային և բնապահպանական:
Կարևոր է նաև, որ հայկական կողմը կրկին անդրադարձել է ներդրումային համաժողովի կազմակերպման հնարավորություններին՝ այդ հարցը պահելով օրակարգում: Սակայն, այստեղ ևս գործնական և հստակ քայլեր են պետք: Նման համաժողովի կազմակերպման մասին վաղուց է խոսվում, սակայն հստակ քայլեր չեն ձեռնարկվում:
Ընդհանուր առմամբ, այցը դրական ֆոնի ներքո է անցել, սակայն շոշափելի հստակ արդյունքներ, նոր ուղերձներ չի ունեցել: Ավելի շատ այն կարելի է Դոնալդ Տուսկի եզրափակիչ վոյաժ անվանել, որի առիթը Բաթումիում հուլիսի 11-ին կայանալիք Արևելյան գործընկերության համաժողովն է:
Հայաստանին հաջողվել է վերջին մի քանի ամիսներին վերականգնել Եվրամիության հետ հարաբերությունների դրական դինամիկան, և նոր նշանակումների ֆոնին այն պահպանելու համար անհրաժեշտ են լինելու ակտիվ և գործնական քայլեր: