ՄԻՊ-ը նախատեսում է մարզային ստորաբաժանումներ հիմնել Տավուշում և Լոռիում

14:26     15 հուլիսի, 2019

Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանն առաջնահերթ է համարում արագ արձագանքման համար Տավուշի և Լոռու մարզերում ստորաբաժանումներ ստեղծելը: Չի բացառվում, որ նույնիսկ մինչև 2020-ի բյուջեի հաստատումը Տավուշում ստեղծեն մարզային բաժին: Այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեն» թեմայով քննարկմանը` պատասխանելով պատգամավորների հարցերին, նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այս պահին ՄԻՊ-ը ստորաբաժանումներ ունի երեք մարզերում՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի։ Մենք կարևորում ենք իրավունքների պաշտպանությունն առավել մեծացնելը, քանի որ իրավիճակներ են լինում, որտեղ արագ արձագանքի անհրաժեշտություն է լինում: Առաջնահերթ թիրախում Տավուշի և Լոռու մարզերն են: Հնարավոր է, որ մինչ 2020-ի բյուջեի հաստատումը Տավուշում ստեղծենք մարզային բաժին: Այս պահին դեռ ստեղծված չէ, գործողություններն ընթանում են»,-նշեց Թաթոյանը:


© armedia.am