ԵՄ-ն հավանություն է տվել Թուրքիային դեմ պատժամիջոցներին

13:02     16 հուլիսի, 2019

Եվրամիությունը հավանություն է տվել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն՝ կապված Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում վերջինիս կողմից իրականացվող հորատման աշխատանքների հետ: Այս մասին ասվում է Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթաժողովի արդյունքներով ԵՄ Խորհրդի տարածած հաղորդագրությունում:

Մասնավորապես, Եվրամիությունն որոշել է դադարեցնել Օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև առաջիկայում Թուրքիայի և ԵՄ միջև բարձր մակարդակի երկխոսության նիստեր չանցկացնել: ԵՄ-ն Անկարայի նկատմամբ նաև ֆինանսական սահմանափակումներ է սահմանել: Մասնավորապես, Խորհուրդը հավանության է արժանացրել Եվրահանձնաժողովին ուղղված առաջարկը կրճատելու Թուրքիային 2020 թվականի համար նախատեսվող օգնության ծավալները:

ԵՄ Խորհուրդն ընդգծել է, որ Բրյուսելը կշարունակի նոր պատժամիջոցներ մշակել Անկարայի նկատմամբ:


© armedia.am