Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելուց

19:38     29 հուլիսի, 2019

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով ունեցել ենք զոհ՝ ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման  Բուլղադարյանը, ևս երկու զինծառայող վիրավորվել է:

Այս դեպքերի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ-ն՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները, որոնք «ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

Արտգործնախարարությունը հստակ նշում է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և  ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին: Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը փաստացիորեն հրաժարվում է նաև Դուշանբեում  ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուց, իսկ «օպերատիվ կապը», փաստորեն, չի աշխատում:

Նման իրավիճակում հետագա լարվածությունը կանխելու նպատակով կարևոր է միջազգային հանրության և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքը՝ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների (անկախ, թե ինչպես դա կանվանենք՝ «Դուշանբե +», թե Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններ) նորից օրակարգ բերելու ուղղությամբ:


© armedia.am