Պոլսի պատրիարքարանը կդիմի Ստամբուլի նահանգապետարան՝ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու համար

17:19     30 հուլիսի, 2019

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ժամանակ» օրաթերթը տեղեկացնում է, որ Պոլսո Հայոց 85-րդ պատրարքի ընտրության համար ստեղծված նախաձեռնող խումբը հերթական նիստն է գումարել պատրիարքարանում, փոխանցում է Ermenihaber-ը:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր։ Նախաձեռնող խումբը վերահաստատել է առանց ժամանակ կորցնելու պատրիարքական ընտրություններ կազմակերպելու իր մտադրությունը։ Խումբը նախատեսում է ընտրություններն անցկացնել դեկտեմբեր ամսին։

Ժողովականները որոշել են նաև դիմել Ստամբուլի նահանգապետարան և պատկան մարմիններին պատրիարքական ընտրություններն անցկացնելու համար հատուկ կանոնադրության մշակման համար։

Կանոնադրության մեջ պետք է նշվի վերջնաժամկետ, որով հնարավոր կլինի Կ.Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրությունները կազմակերպել մինչև տարեվերջ։

Կանոնադրության պահանջով պետությանն ուղարկվելիք դիմում-նամակի տակ իրենց ստորագրությունն են դնելու Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ Եպսկ. Մաշալյանը եւ Նախաձեռնող խմբի դիվանի ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլուն։


© armedia.am