Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Ամանիյազ Երժանովն անդրադարձել է ղազախստանցիների կողմից Հայաստանում ավտոմեքենաների գնումն օրինականացնելու կառավարության ծրագրերի մասին: Այս մասին փոխանցում է kursiv.kz-ն:
«Մենք մեր տեղեկատվական աղբյուրներից գիտենք, որ ԱՄՆ-ից Հայաստան է բերվել մոտ 60 հազար ավտոմեքենա: Ղազախստանցիները, որպեսզի գնեն այն մեքենաները, ներկայումս ժամանակավոր կացության իրավունք են ձեռք բերում Հայաստանում և ԱՄՆ-ից ներմուծված ավտոմեքենաները գնում Հայաստանի քաղաքացուն հավասար իրավունքով՝ չվճարելով լրացուցիչ մաքսատուրքեր, որից հետո հայկական համարանիշերով մեքենաները տանում են Ղազախստան։
Նրա խոսքով՝ հայկական համարանիշերով մեքենաները Ղազախստանում խնդիրներ են ստեղծում ճանապարհային ոստիկանության համար, քանի որ այդ մեքենաները կարող են խախտել ճանապարհային երթևեկության կանոնները և պատասխանատվություն չկրել:
«Եթե բնակչությունը ցանկանում է այդպիսի մեքենաներ գնել, մենք չպետք է պայքարենք դրա դեմ: Ընդհակառակը, դա պետք է օրինականացնենք, որպեսզի վաղը մեր քաղաքացիներն օրենքի առաջ խնդիրներ չունենան: Պետք չէ մեքենաներ գնել Հայաստանում ժամանակավոր հաշվառման կանգնելով, դրանք բերել տարանցիկ համարներով, ավելի լավ է մեքենան բերել, գրանցել ու օրինական ճանապարհով վարել այն։ Իսկ հիմա ստացվում է, որ նրանք ոչ այստեղ են հարկեր վճարում, ոչ այնտեղ»,- հայտնել է փոխնախարարը: