Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ինքնուրույն ճամփորդել

12:39     2 օգոստոսի, 2019

Սաուդյան Արաբիայի իշխանությունները փոփոխություններ են մտցրել թագավորության մի շարք օրենքներում, որոնց շնորհիվ կանայք կկարողանան ինքնուրույն անձնագիր ստանալ արտասահման մեկնելու համար, ինչպես նաև խնամակալ դառնալ դեռահասների համար, հայտնում է սաուդյան «Օքազ» թերթը:

Օրենքի նոր ձևակերպման համաձայն՝ այժմ 21 տարին լրացած կինը «կարող է ինքնուրույն ստանալ անձնագիր առանց խնամակալի պատադիր համաձայնության, ինչպես դա եղել է նախկինում»:

Մինչ այդ կանայք ստիպված էին ստանալու արական սեռի խնամակալների թույլտվությունն արտասահման ուղևորությունների համար: Խնամակալի դերում կարող էր հանդես գալ սաուդյան հպատակ հանդիսացող կնոջ ամուսինը, հայրը կամ եղբայրը:

Բացի այդ, կինն իրավունք է ստացել նաև խնամակալ լինելու անչափահաս երեխաների համար, նորածիններին գրանցելու պետական մարմիններում:


© armedia.am