ՀՀ ԱԽ քարտուղարը մտահոգիչ է համարում գաղտնի փաստաթղթերի արտահոսքը

22:37     8 օգոստոսի, 2019

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով` լավ կլիներ, որ լրատվամիջոցի ձեռքերում չհայտնվեին մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննչական գաղտնի փաստաթղթերը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով բրիտանական BBC-ի ռուսական ծառայության՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրապարակմանը: 

«Բնականաբար, մեզ մտահոգում է: Մեզ համար կարևոր է, որ գաղտնի տեղեկության որևէ արտահոսք չլինի, որովհետև գաղտնիություն նշանակում է անվտանգություն և ապահովվածություն:  Պետք է հետաքննել, ուսումնասիրել և հասկանալ, թե ինչպես են այդ փաստաթղթերը հայտնվել լրատվամիջոցի ձեռքերում», - ասել է Գրիգորյանը:

ՀՀ ԱԽ քարտուղարի խոսքով` իրենք ամեն ինչ անում են, որպեսզի որևիցե արտահոսք չլինի և դրա համար կան մեխանիզմներ ու օրենք:


© armedia.am