Քննարկվել են հայ-հորդանանյան միջխորհրդարանական կապերին առնչվող հարցեր

18:55     13 օգոստոսի, 2019

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հորդանան բարեկամական խմբի ղեկավար Նաիրա Զոհրաբյանն օգոստոսի 13-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հետ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հորդանանի խորհրդարանների միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների օրակարգում առկա մի շարք խնդիրների:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իր՝ Հորդանան կատարած այցի ընթացքում հանդիպել է արքայադուստր Ռիմ Ալ Ալիի հետ և քննարկել զբոսաշրջությանն ու մշակութային կապերի խթանմանը վերաբերող հարցեր:

Արտակարգ և լիազոր դեսպանն ու բարեկամական խմբի ղեկավարը պայմանավորվել են Հորդանան նախատեսված այցի ժամանակ քննարկել նաև հայ-հորդանանյան դեռևս չօգտագործված ռեսուրսին առնչվող հարցեր:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Հորդանանի խորհրդարանի Հորդանան-Հայաստան բարեկամական խմբին հրավիրել է այցելելու մեր երկիր: 


© armedia.am