Հոնկոնգում 15 ոստիկան է վիրավորվել ցուցարարների հետ ընդհարումների արդյունքում

15:14     26 օգոստոսի, 2019

Հոնկոնգում տարբեր աստիճանի ծանրության վերքերով 15 ոստիկան է հոսպիտալացվել օգոստոսի 25-ին արմատական ցուցարարների հետ ընդհարումների հետևանքով, հայտնում են իրավապահ մարմինները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ օգոստոսի 25-ին բերման է ենթարկվել անկարգությունների՝ 12-ից մինչև 48 տարեկան 29 մասնակից՝ անօրինական ժողովներ անցկացնելու, զենք ունենալու և ոստիկանների վրա հարձակվելու համար: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրանետիչներով երկու նոր հատուկ ավտոմեքենա քաղաքի մայրցամաքային մասի Ցուեն Վանի շրջանում ցուցարարների խմբին ցրելու համար:

Հանրահավաքի մասնակիցների մի մասը դուրս է եկել հանրահավաքի համաձայնեցված երթուղու սահմաններից և սկսել է հրահրել անկարգություններ. արգելափակել փողոցները, կանգնեցնել բարիկադներ, զինվել աղյուսներով և բամբուկե փայտերով: Ոստիկանների վրա են նետել տարբեր առարկաներ, այդ թվում՝ հրկիզող խառնուրդով շշեր:


© armedia.am