Կասկածի տակ է առնվում պետական կառավարման արդյունավետությունն առհասարակ

17:39     26 օգոստոսի, 2019

Այսօր՝ օգոստոսի  26-ին Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը հանդես եկավ ասուլիսով: Պատասխանելով լրագրողների հարցերին, վերջինս փաստեց, որ «Էլարդ»-ի կողմից կատարված ուսումնասիրությունները հիմնված են այդ գործով նախկինում ներկայացված փաստաթղթերի վրա:  Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ «Էլարդ»-ի եզրակացությունը հիմնված է նախկինում արված այն ուսումնասիրությունների վրա, որոնք ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից պարբերաբար ենթարկվել են քննադատությունների, որակվել որպես կեղծիք: Մինչդեռ այսօր դրանց հիման վրա արված եզրակացությունն ընդունելի է իշխանությունների համար և հիմք՝ հանքի շահագործման թույլտվության:

Սա սակայն մեդալի մի կողմն է: Մյուս կողմում այս ամենի համար արված ծախսերն են՝ 400 հազար դոլարը:  Հավանաբար իշխանությունների հաշվարկը հիմնված էր նրա վրա, որ  դրսից բերված փորձագետները կլինեն հանրության համար ավելի վստահելի: Սակայն փորձը ցույց տվեց այդ հաշվարկի սխալականությունը: Ավելին, հիմա արդեն այլ հարց է առաջանում՝ որքանո՞վ արժեր պետական միջոցներից այդքան գումար ծախսել միայն նրա համար, որ եղածի կրկնակի ուսումնասիրությունն արվի միջազգային փորձագետների կողմից:

Այլ է հարցը, որ միջազգային փորձագետների ներգրավումը ճիշտ կլիներ, բայց եթե այդ փորձագետներն անեին սեփական ուսումնասիրություններն ու տային դրանց վրա հիմնված եզրակացություն:

 Արդյունքում մենք ականատես ենք լինում պետական միջոցների սխալ կառավարման նախադեպի: Սա  հիմք է անվստահության և օբյեկտիվ կասկածի, որ այսուհետ ինչ-որ նպատակով հատկացված պետական միջոցները ևս կարող են դառնալ անիմաստ ծախսեր:

 

 


© armedia.am