Կարևորում ենք Եվրամիության դերակատարումը տարածաշրջանային համագործակցության ծրագրերում. Մնացականյան

11:45     27 օգոստոսի, 2019

Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ասաց  ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում անդրադարձավ ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Նախարարի խոսքերով, Հայաստանը շարունակում է խորացնել Եվրամիության, ԵՄ անդամ երկրների, Եվրոպական մայրցամաքի բոլոր երկրների հետ իր համագործակցությունը, հաղորդում է Արմենպրեսը։

«Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով զարգացող փոխգործակցության համար կարևորագույն նշանակություն ունի քաղաքական երկխոսությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և պետական կառույցներին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաև ոլորտային համագործակցությունը։ Կարևորում ենք Եվրամիության դերակատարումը տարածաշրջանային համագործակցության ծրագրերում: Մեծապես արժևորում ենք մեր համագործակցության հարաճուն զարգացումը ԵՄ անդամ երկրների հետ։ Այս տեսակետից կառանձնացնեի Ֆրանսիայի և Գերմանիայի հետ հարաբերությունների ծավալը»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը Եվրոպական գործընկերների հետ համագործակցության կոնտեքստում առանձնահատուկ գոհունակությամբ նշեց Կիպրոս-Հայաստան-Հունաստան եռակողմ ձևաչափի ձևավորումը։


© armedia.am