Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հովհաննես Թումանյանի ժառանգներին (լուսանկարներ)

19:20     13 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգերին՝ ուղեկցությամբ բ. գ. դ., պրոֆ. Սերգո Երիցյանի:

Պարոն Երիցյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով բանաստեղծի ժառանգներին, տեղեկացրել է, որ Հայաստան են ժամանել մասնակցելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին:

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր հայրական օրհնությունն է բերել հյուրերին՝ ուրախություն հայտնելով հայրենիքում բանաստեղծի ժառանգներին միասնական և համախմբված տեսնելու առիթով: Քաղցրությամբ հիշելով բանաստեղծի զավակների հետ Մոսկվայում իր հանդիպումներն ու զրույցները` Նորին Սրբությունն ընդգծել է, որ Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է և անգնահատելի է նրա վաստակը հայ ժողովրդի կյանքում` հավելելով, որ նրա ստեղծագործությունները սիրելի և ուսանելի են յուրաքանչյուր հայորդու համար: Վեհափառ Հայրապետը նշել է, որ առաջիկայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս տոնախմբվելու են մեր ժողովրդի երկու մեծերի` Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի հոբելյանները:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետաքրքրվել է Թումանյանի ժառանգներից յուրաքանչյուրի գործունեությամբ, ծանոթացել վերջին հոբելյանական հրատարակություններին, ապա մաղթել է, որ մշտապես նախանձախնդիր լինեն բանաստեղծի թողած ժառանգության հանդեպ:

Image may contain: 1 person, standing and indoor

 

Image may contain: 2 people, people sitting and indoor

 

Image may contain: 2 people, people sitting and indoor

 

Image may contain: 3 people, people sitting, beard and indoor

Image may contain: 4 people


© armedia.am