Կանադան և Հայաստանը կապված են արդարության ընդհանուր արժեքներով. Ջասթին Թրյուդո

11:22     22 սեպտեմբերի, 2019

Կանադայի վարչապետ, Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջասթին Թրյուդոն Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է  կուսակցության պաշտոնական կայքը` Թրյուդոն մասնավորապես ասել է.

«Միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին միասին նշելու Հայաստանի անկախության տարեդարձը:

Կանադան և Հայաստանը կապված են արդարության, ժողովրդավարության, ազատության ընդհանուր արժեքներով, իսկ միջազգային կազմակերպություններում` համատեղ աշխատանքով, ինչպիսին է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը։

Անցյալ տարի ես հնարավորություն ունեցա Հայաստան այցելելու և վարչապետ Փաշինյանի հետ հանդիպելու, որպեսզի քննարկենք ճանապարհորդության, զբոսաշրջության և առևտրի ոլորտում մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այդ այցը լույս սփռեց կանադացիների և հայերի սերտ կապերի վրա՝ այն կապերի, որ ընկած են մեր հարաբերությունների հիմքում:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Կանադայի հայերն ընդունել են հազարավոր սիրիացի փախստականների և արել են ամեն ինչ, որպեսզի նրանք կարողանան նոր կյանք սկսել։

Մեր ընտանիքի անունից ես և Սոֆին մեր լավագույն մաղթանքներն ենք հայտնում բոլորին, ովքեր նշում են Հայաստանի Անկախության օրը»:


© armedia.am