Պուտինը ցանկանում է միացնել Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Բելառուսը. Սահակաշվիլի

22:57     27 սեպտեմբերի, 2019

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի ճնշմամբ կարող են հրաժարվել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու քաղաքականությունից: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին:

Դրանից բացի, Սահակաշվիլին չի բացառել, որ Վրաստանը և Ռուսաստանն ընդհանրապես կարող են մեկ երկիր դառնալ, քանի որ, ըստ նրա, Ռուսաստանի ղեկավարների ծրագրերի մեջ է մտնում 2024 թվականին ԽՍՀՄ-ի վերականգնումը:

«Պուտինը որոշել է 2024 թվականին՝ իր հաջորդ ընտրություններին ընդառաջ Խորհրդային Միությունը վերականգնել և նախատեսում է միացնել Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Բելառուսը, Ուկրաինայի հիմնական մասը, բացի արևմտյանից: Սա նրա ծրագիրն է»,- շեշտել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե որտեղից է այդ տեղեկությունը ստացել: 


© armedia.am