Մոգերինին դատապարտել է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում
Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունները բացասական ազդեցություն կունենան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջազգային կոալիցիայի ջանքերի վրա: Նման կարծիք է հայտնել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 7-ին Սիրիայի հյուսիս-արևելքի Էլ Մալիքիա քաղաքի մերձակայքում գրոհել են քրդական կազմավորումների շտաբի վրա: Այնուհետև թուրքական բանակի հրետանին քրդերի դիրքերի վրա կրակ է բացել Սիրիայի Ռաքքայի նահանգի հյուսիսում:
«Ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում կխորացնեն քաղաքացիական բնակչության տառապանքները, կվիժեցնեն գլոբալ կոալիցիայի ընթացիկ աշխատանքը «Դաիշ»-ի դեմ պայքարում և էլ ավելի կբարդացնեն երկրում ՄԱԿ-ի ղեկավարությամբ խաղաղության հասնելու քաղաքական գործընթացի հեռանկարները»,- գրել է Մոգերինին Twitter-ի իր էջում:
Հոկտեմբերի 7-ին Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտարարել է, որ Թուրքիայի նոր ռազմական գործողությունը, որն ԱՄՆ-ի հետ փոխգործակցությամբ քրդերի դեմ պլանավորվել է Սիրիայի հյուսիս-արևելքում, վիժեցնում է խաղաղ գործընթացն այդ երկրում: «ԵՄ-ն լիովին պաշտպանում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա: