Պենտագոնն Աֆղանստանից զորքերի լիակատար դուրսբերման ծրագիր է մշակում. NBC

13:05     22 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը վերջին շրջանում մշակում է Աֆղանստանից զորքերի լիակատար դուրսբերման պլան, ինչի համար անհրաժեշտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան որոշման առկայությունը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարը, հաղորդում է NBC news-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերատեսչությունը մշակում է Աֆղանստանից զորքերի շտապ դուրսբերման պլան՝ առաջիկա շաբաթներին համապատասխան որոշում կայացվելու դեպքում:

Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, Պենտագոնում պատրաստվում են, որ ամերիկացի զինծառայողների դուրսբերման հրամանը կարող է լինել նույնքան անսպասելի, որքան Սիրիայի հետ կապված իրադրությունը:

Ընդ որում՝ NBC-ի աղբյուրներն ընդգծում են, որ ներկա պահին ԱՄՆ զինուժի դուրսբերման դեպքում գործողությունների մշակումն ավելի շուտ կանխարգելիչ բնույթ է կրում և «խելամիտ պլանավորման» օրինակ է, քանի որ նման հրամանի նախապատրաստման մասին խոսք դեռևս չի գնում:

Սակայն աղբյուրներից մեկը նշել է, որ Սիրիայի վերաբերյալ Թրամփի գործողությունները կարելի է համարել Աֆղանստանում պլանավորվող գործողությունների «գլխավոր փորձ»:


© armedia.am