ԼՂ կարգավորման հարցում ընդունելի որոշումը կարող է կայացվել նաև հանրաքվեի միջոցով. Փաշինյան

09:01     4 նոյեմբերի, 2019

ԼՂ կարգավորման հարցում հստակ ձևակերպված և ընդունելի որոշումը կարող է ընդունվել հանրաքվեի միջոցով: Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Իմ խնդիրն է՝ բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում: Եվ երբ բանակցային գործընթացում կձևակերպվի այնպիսի լուծում, այնպիսի առաջարկ, որն ընդունելի կլինի առաջին հերթին հայ ժողովրդի համար, այն կներկայացնեմ, կլինի համազգային քննարկում, որոշումները կկայացվեն համազգային ֆորմատով, եթե անհրաժեշտ լինի հանրաքվեի միջոցով», - ասել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ ԼՂ կարգավորման հարցում բացառվում են դավադրությունները։ Փաշինյանը նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա իրավիճակը միշտ էլ վտանգներ է պարունակում. «Սակայն դրանք ավելին չեն, քան եղել են 3, 4 կամ 5 տարի առաջ: Նախորդ 1,5 տարվա ընթացքում լարվածության կտրուկ նվազում կա, սակայն դա չի նշանակում, որ լարվածություն չկա: Ցավոք սրտի, մենք ունենք նաև զոհեր», - հավելել է Փաշինյանը:

Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի և Արցախի մոտեցումները ԼՂ կարգավորման հարցում նույնական են։


© armedia.am