Լոնդոնում ՌԴ դեսպանատունն արձագանքել է բրիտանացիների՝ Սկրիպալների մասին ֆիլմ նկարահանելու գաղափարին

15:21     4 նոյեմբերի, 2019

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչն արձագանքել է BBC հեռուստառադիոընկերության որոշմանը՝ նկարահանել 3 սերիայից բաղկացած գեղարվեստական ֆիլմ ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մասին: Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի մարտին Սոլսբերի քաղաքում:

Դիվանագետի կարծիքով ֆիլմի նկարահանումն ուղղված կլինի «Սկրիպալների գործով» բրիտանական իշխանության քաղաքականացված տեսակետի ամրապնդմանը և չի կարող փոխարինել դեպքի լիարժեք հետաքննությանը: 

«Ափսոսանք է առաջացնում այն, որ բրիտանացի լրագրողները սեփական իշխանություններից տեղի ունեցածի շուրջ հարցերի պատասխան պահանջելու փոխարեն նախընտրում են աշխատել գեղարվեստական ժանրում»,- նշել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը 2018-ի մարտի 4-ին թունավորվել են իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով: Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը հերքում է մեղադրանքը: 

 


© armedia.am