ՀՀ և Տաջիկստանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան

20:52     4 նոյեմբերի, 2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է պաշտոնական այցով և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի Օլի Մաջլիսի նամոյանդագոնի նախագահ Շուկուրջոն Զուխուրովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Հաղորդագրության համաձայն, Արարատ Միրզոյանը, ողջունելով Շուկուրջոն Զուխուրովին, ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու հայ-տաջիկական հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ելնելով երկու երկրների փոխադարձ հետաքրքրություններից և շահերից: Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների ձևաչափում առանցքային դեր է զբաղեցնում խորհրդարանական բաղադրիչը՝ գոհունակություն հայտնելով Հայաստան-Տաջիկստան խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ակտիվության  կապակցությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի և Տաջիկստանի պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում:

Շուկուրջոն Զուխուրովը, շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի և ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայ և տաջիկ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված են բարեկամական հարաբերություններ: Նա բարձր է գնահատել Տաջիկստանում հայ համայնքի դերը և գործունեությունը: Շուկուրջոն Զուխուրովը հույս է հայտնել, որ մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման մեծ ներուժ կա՝ հատկապես տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մշակութային երկխոսության շրջանակում:

Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների դրական դինամիկան և հույս հայտնել, որ տնտեսական ներուժը ճիշտ կիրացվի:

Քննարկվել է նաև միջազգային տարբեր ձևաչափերում երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը:


© armedia.am