Էրդողանը պատրաստվում է Պուտինի հետ քննարկել Սիրիայի հարցը

13:34     7 նոյեմբերի, 2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայի հարցով ռուս-թուրքական հուշագրի իրականացման հարցը: Այս մասին տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Լրացել է 150 ժամը, որը նշված էր Ռուսաստանի հետ հուշագրում, սակայն ահաբեկիչները դեռևս դուրս չեն եկել այդ գոտուց: Նրանք շարունակում են հարձակվել, իսկ «Սիրիայի ազգային բանակ»-ը պատասխանում է նրանց: Այսօր նրանք 11 զոհ ունեն: Մենք, ինչ է, լռե՞նք: Ես մտադիր եմ այս հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: 


© armedia.am