Էրդողանը կրկին սպառնում է Եվրոպային

01:16     8 նոյեմբերի, 2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է միլիոնավոր փախստականների համար Եվրոպայի «դարպասները բացելու» իր սպառնալիքը, եթե լրացուցիչ միջազգային աջակցություն չցուցաբերվի։ Այս մասին նա հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Բուդապեշտում հանդիպման ժամանակ, փոխանցում է TASS-ը։

Էրդողանը ԵՄ երկրներին կոչ է արել լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Սիրիայի հետ սահմանին «անվտանգության գոտի» ստեղծելու իր ծրագրին։

«Անկախ այն բանից, աջակցություն կլինի թե ոչ, մենք կշարունակենք ընդունել մեր հյուրերին, սակայն մինչև որոշակի ժամանակ»,- Օրբանի հետ համատեղ ասուլիսում ասել է Էրդողանը։

«Եթե մենք տեսնենք, որ դա չի աշխատում, ինչպես ասել եմ նախկինում, մեզ այլ բան չի մնա, քան բացել դարպասները։ Եթե մենք բացենք դարպասները, ակնհայտ է, թե ուր կգնան նրանք»,- հավելել է Էրդողանը։

 


© armedia.am