Մեզ անհանգստացնում է սպառողական վարկերի աճի տեմպը. Արթուր Ջավադյան

18:48     14 նոյեմբերի, 2019

Այժմ Կենտրոնական բանկը ծրագրում է 2 նոր ցուցանիշ սահմանել. մեկը կվերաբերի վարկին և եկամտին, մյուսը՝ վարկին և գրավին: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոխանցում է News.am գործակալությունը: 

Հաղորդվում է, որ այս տարի բանկերը տրամադրել են աննախադեպ սպառողական և հիփոթեքային վարկեր, որոնց ծավալները մեծացել են 30-40%-ով, իսկ այդ շրջանում բնակչության եկամուտներն էապես չեն ավելացել: Արդյունքում զգալի ռիսկեր են առաջացել ինչպես բանկերի, այնպես էլ քաղաքացիների համար:

«Մեզ անհանգստացնում է սպառողական վարկերի աճի տեմպը, այդ պատճառով մեր գործողություններն ուղղված կլինեն այդ աճի տեմպի նվազեցմանը: Մյուս կողմից, մենք լայնամասշտաբ միջոցառումներ ենք իրականացնում բնակչության ֆինանսական կրթվածությունը բարձրացնելու համար»,- պարզաբանեց Ջավադյանը:

Նա հավելեց, որ իրենց քաղաքականությունը պետք է ուղղվի արտահանման սեկտորի, արդյունաբերության և բիզնեսի վարկավորմանը: 


© armedia.am