ԱՄՆ Սենատի դեմոկրատ անդամ Քրիս վան Հոլենը հայտարարել է, որ Թուրքիան անցել է հերթական «կարմիր գիծը»՝ սկսելով թեստավորել Ռուսաստանից գնած ՀՕՊ Ս-400 համալիրները։ Նա այս մասին գրել է իր Թվիթերում, ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«(Թուրքիայի նախագահի Սպիտակ տուն այցելությունից) երկու շաբաթ հետո Էրդողանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև անցնում է հերթական «կարմիր գիծը» Ս-400-ների գծով»,- ասել է սենատորը։
Վան Հոլենը ընդգծել է, որ գոյություն ունեցող օրենսդրությունը «պարտավորեցնում է Թրամփին պատժամիջոցներ սահմանել»։
Հիշեցնենք, որ ռուսական ՀՕՊ Ս-400 համակարգերի մատակարարումը, որն առաջ է բերել ճգնաժամ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են հուլիսի կեսին։