Կանադական քաղաքը ցանկանում է փոխել իր անվանումը՝ «թունավոր» ասոցիացիաների պատճառով

15:08     30 նոյեմբերի, 2019

Կանադական Ասբեստոս քաղաքը փորձում է ցրել իր անվան հետ կապված տհաճ զգացողությունները՝ փոխելով անվանումը: Այս մասին տեղեկացնում է Fox News-ը։

Մոտ 7000 բնակիչ ունեցող քաղաքի վարչակազմը Քվեբեկում հայտարարել է, որ որոշել են փոխել քաղաքի անվանումը, որովհետև այն «տհաճ նշանակություն» ունի։

«Անունն իսկապես բացասաբար է ընկալվում։ Մենք բիզնեսներ ենք կորցրել. մարդիկ չեն ցանկանում այստեղ որևէ գործ բացել անվան պատճառով»,- ասել է քաղաքապետ Հյու Գրիմարը։

Նշենք, որ տասնամյակներ շարունակ քաղաքը զբաղվել է ասբեստի արդյունահանմամբ։

Հիմա այդ հանքանյութը արգելված է գրեթե ողջ աշխարհում, քանի որ համաձայն վերջին հետազոտությունների՝ այն կարող է վնասել թոքերն ու հանգեցնել քաղցկեղի։

Քաղաքի նոր անունը կհայտարարվի հաջորդ տարի։


© armedia.am