Իշխանություններն իրենց խոստումը չեն կատարում՝ բանակցային գործընթացը թափանցիկ չէ: Ադրբեջանական կողմն էլ փակագծեր է բացում, որոնց հավաստիությունը չի մեկնաբանվում հայկական կողմից:
Այսօր Բաքվում տեղի ունեցած համատեղ մամուլիսի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բավական փակագծեր բացեցին՝ կապված Արցախյան կարգավորման բանակցային գործընթացի հետ: Մասնավորապես, Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ վաղը Բրատիսլավայում երևի թե կմեկնարկեն սուբստանտիվ բանակցությունները և առաջինը սեղանին լինելու է անվտանգության հարցը, ինչն առնվազն չհերքվեց Լավրովի կողմից: Նա հայտարարեց նաև, որ կողմերը խնդրել են միջնորդներին զեկույց պատրաստել և իրենց տեսլականը ներկայացնել անվտանգության հարցի հետ կապված: Իսկ Ռուսաստանի արտգործնախարարն էլ շնորհակալություն հայտնեց Ադրբեջանին ռուսական առաջարկների հանդեպ վերաբերմունքի համար:
Ստացվում է, որ ունենք բովանդակային բանակցային գործընթաց, որն արդեն չի սահմանափակվում հումանիտար միջոցառումների համաձայնեցումով, իսկ հայկական կողմը շարունակում է ոչ հստակ ձևակերպումներ հնչեցնել: Ընդամենը երեկ Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ առկա է միասնական փաթեթ, որի մեջ կան բուն կարգավորմանը առնչվող հարցեր և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին: Այսինքն, ակնհայտ է, որ բանակցային գործընթացը բավական դինամիկ զարգանում է, օրակարգում հստակ հարցեր են, որոնց մասին իշխանությունները չեն շտապում տեղեկացնել հանրությանը:
Ի սկզբանե ակնհայտ էր, որ բանակցություններն իրենց բնույթով փակ գործընթաց են և դրանցում թափանցիկություն լինել չի կարող: Խնդրահարույցն այստեղ վարչապետ Փաշինյանի հայտարարություններն են, ով պատրաստակամություն էր հայտնում նույնիսկ բանակցություններից ուղիղ եթեր մտնել, եթե դա հնարավոր լիներ, և խոստանում էր մշտապես իրազեկել հանրությանը զարգացումների մասին: Իսկ այսօր, փաստացի, տեղի է ունենում հակառակը: