Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են ընդհանուր դիրքորոշումն այն մասին, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք Մայքլ Պոմպեոյի հետ քննարկել ենք սիրիական հակամարտության կարգավորման խնդիրները: Մենք ընդհանուր դիրքորոշում ունենք, ինչն այսօր հաստատել ենք՝ որ ռազմական լուծում չկա, որ անհրաժեշտ է առաջ մղել համազգային ներառական երկխոսությունը»,- ասել է Լավրովը:
Լավրովը նշել է, որ դրա համար առաջին հերթին պետք է օգտագործվի քաղաքական գործընթացը Ժնևում սիրիական սահմանադրական կոմիտեի աշխատանքի շրջանակում, ինչպես նաև պետք է որոնել «քաղաքական գործընթացին քրդերին ներգրավելու ուղիներ»:
Ընդ որում՝ Լավրովը մանրամասնել է, որ քրդերին ներգրավելն առաջին հերթին պետք է ընթանա Դամասկոսում կենտրոնական կառավարության հետ նրանց շփումների հաստատմամբ: ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմն այս մասին խոսում է քրդերի հետ՝ «ցույց տալով, որ սա Սիրիայում թե՛ քրդերի, թե՛ մյուս էթնիկ և դավանաբանական խմբերի շահերի ապահովման միակ հուսալի ճանապարհն է»: