Ալժիրում մեկնարկել են նախագահական ընտրությունները

13:39     12 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 08:00-ին Ալժիրում մեկնարկել են նախագահական ընտրությունները՝ սկսվել է աշխատանքն ընտրատեղամասերում: Այդ մասին հայտնել է Ալժիրի APS լրատվական գործակալությունը:

Ալժիրի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցկացվում է բողոքի չդադարող զանգվածային ակցիաների ֆոնին. դեկտեմբերի 11-ին հազարավոր ալժիրցիներ էին դուրս եկել ցույցի, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն ընտրությունների անցկացմանն այն պայմաններում, երբ երկիրը ղեկավարում են «հին ռեժիմի» ներկայացուցիչները:

Ալժիրում նախագահի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու: Նրանք բոլորը բարձր պաշտոններ են զբաղեցրել նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի կառավարման ժամանակաշրջանում, ինչը հարուցում է բազմաթիվ ալժիրցիների դժգոհությունը: Առավել ուժեղ թեկնածու է համարվում նախկին վարչապետ, «Թալայիա ալ-Խուրիաթ» կուսակցության ղեկավար 75-ամյա Ալի Բենֆլիսը:

Ալժիրի իշխանությունները հույս ունեն, որ ընտրությունները վերջ կդնեն երկրում քաղաքական անկայունության ժամանակաշրջանին, որը նա ապրում է այս տարվա փետրվարից: 


© armedia.am